Թեմա 12՝ Հայաստանը 15-17-րդ դարերում /Ուշ միջնադար/․

Քաղաքական և տնտեսական կացությունը. Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նա ստեղծել էր անծայրածիր մի պետություն, որը նրա մահից հետո սկսեց արագորեն քայքայվել։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։ Սրանք դեռևս XIII դ. վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Հայաստան։ Նրանց դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ, ինչից և ծագել են այդ ցեղերի անունները։

Լինելով քոչվոր անասնապահ ցեղեր՝ նրանք ժամանակին օգտվում էին մոնղոլ տիրակալների հովանավորությունից և իրենց ոչխարների հոտերով շրջում էին նրանց տերության արևմտյան երկրամասերով։ Միաժամանակ նրանց զինված ջոկատներն զբաղվում էին նվաճված ժողովուրդներին թալանելով և ահաբեկելով։

Դեռևս XIV դ. կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները ստեղծեցին իրենց իշխանությունները, որոնք ուժեղացան XV դ. սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468): Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։

Կարա Յուսուֆը, դառնալով մի մեծ տերության տիրակալ, հարազատ մնաց իր քոչվորական կենցաղին։ Նա գահն անվանապես հանձնեց որդուն, իսկ ինքը Թավրիզից տեղափոխվեց Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) ամրոցն ու այն դարձրեց իր նստավայրը։ Այստեղ էր հաստատվել կարա-կոյունլու ցեղախմբի ամենամարտունակ ցեղը, որի առաջնորդն էր Կարա Յուսուֆը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Թովմա Մեծոփեցի պատմիչն անգամ գրում է, թե այդ տարիներին Հայաստան աշխարհում խաղաղություն և շենություն էր տիրում։

Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Ծավալվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա Յուսուֆի մահից հետո (1420թ.) վերսկսվեցին կռիվներն ակ-կոյունլուների և Լենկթեմուրի հաջորդների դեմ։

XV դ. 20-30-ական թթ. պարբերաբար կրկնվող պատերազմների, գաղթերի ու տեղահանությունների, գերեվարության, ինչպես նաև բնական աղետների (մորեխ, անբերրիություն) ու հաճախակի կրկնվող սովի հետևանքով Հայաստանի մի շարք գավառների բազմաթիվ բնակավայրեր լքվեցին։ Նվազեց բնակչության թիվը։ Քրդական ու թուրք-թուրքմենական մի շարք ցեղեր հաստատվեցին Հայաստանի արոտավայրերով հարուստ լեռնային գավառներում։ Փոփոխվեց երկրի էթնիկ կազմը։ Այդուհանդերձ, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայերը։

Դրանով պետք է, անշուշտ, բացատրել, որ կարա-կոյունլու գահակալները երբեմն հենվում էին հայերի վրա և անգամ իրենց կոչում էին Հայաստանի թագավորներ (շահ-ի Արման)։

Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Այս առումով աչքի էր ընկնում հատկապես Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից ու ասպատակություններից։ Ջհանշահի օրոք առևտրական կապեր հաստատվեցին միջինասիական երկրների և Արևմուտքի հետ։ Կարգի բերվեց կառավարման համակարգը։ Փորձ արվեց նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության աշխուժացման համար։

Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը. Ջհանշահը նույնպես իր պետության կենտրոն դարձրեց Թավրիզը։ Արևելյան Հայաստանից և այսրկովկասյան երկրներից կազմեց առանձին կուսակալություն, որի կուսակալը նստում էր Նախիջևանում։ Կուսակալությունն իր հերթին բաժանվեց մի քանի վարչական շրջանների։ Հյուսիսարևելյան Հայաստանի վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Դրա շնորհիվ, սկսած XV դ. 40-ական թվականներից, Երևանը դառնում է Այրարատյան դաշտի և ամբողջ Արևելյան Հայաստանի՝ այդ թվում Արցախի կենտրոն։ Դրանից հետո Երևանն աստիճանաբար վերածվում է Հայաստանի կարևոր տնտեսական և մշակութային կենտրոնի։

Չնայած 1426թ. ընկավ Մակուի հայկական իշխանությունը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ Սյունյաց, Արցախի և մասամբ Վասպուրականի հայ իշխանական տները։ Թեև մահմեդական իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր Լոռի, որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի Ռուստամ Օրբելյանը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով Երևանը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։

Հայ իշխանական տների վիճակը բավականին կայունացավ Ջհանշահի իշխանության տարիներին։ Նրա օրոք Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։ Շարունակվեց Երևանի տնտեսական վերելքը։ Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նրանք ոչ միայն նպաստում էին եկեղեցիների կառուցմանը, այլև պայմաններ ստեղծում այլ շինարարական աշխատանքների համար։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես Գագիկ Արծրունու սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Բանն այնտեղ հասավ, որ Զաքարիա կաթողիկոսը պարտության մատնեց քրդական ռոժոկ ցեղին՝ գրավելով նրանց լաստանավերն ու ազատելով Աղթամարը կողոպուտի ենթարկվելուց։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող մահմեդական իշխողներին հաշտեցնողի դերում։ Հայկական իշխանությունների վիճակն ավելի ծանր էր Արևմտյան Հայաստանում։ Այդուհանդերձ, շարունակում էին գոյատևել Համշենի, Սասունի, Խութի, Տարոնի, Մոկսի, Շատախի և մի քանի այլ հայկական իշխանություններ։

Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրորդ կեսին. Ջհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502թթ.), որի մեջ մտավ նաև Հայաստանը։

Ակ-կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։

Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների շուրջ 100-ամյա բիրտ տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։

Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։ Թովմա Մեծոփեցու խոսքերով՝ մի քաղաք և մի քանի գյուղ միասին այնքան միջոց չունեին, որ թշնամուց հետ գնեին գոնե մեկ գերի։

Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում՝ ապաստանելով երկրի թեկուզև ոչ արգասաբեր, սակայն դժվարամատչելի վայրերում։

XV դ. հայոց պատմության ամենամռայլ և մղձավանջային էջերից է։

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում.  XV դ. առաջին կեսին, երբ արդեն ընկել էր Կիլիկիայի հայկական թագավորությունը, իսկ բուն Հայաստանում պահպանվում էին միայն հայկական իշխանությունների բեկորները, Սիս քաղաքում գտնվող Հայոց կաթողիկոսությունը հայտնվել էր գրեթե անպաշտպան վիճակում։ Վերջինիս վիճակն ավելի ծանրացավ, երբ 1426թ. Կոստանդին իշխանն իր հազարավոր հպատակներով Կիլիկիայից տեղափոխվեց Կիպրոս։ Ստեղծված պայմաններում հայ բնակչության և հոգևորականության մեծ մասի մոտ առաջացավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը կրկին Սուրբ Էջմիածին տեղափոխելու խնդիրը։ Երևանը դարձել էր Արևելյան Հայաստանի քաղաքական ու վարչական կենտրոնը, դրանով իսկ անհրաժեշտ դարձնելով կաթողիկոսության վերահաստատումն Էջմիածնում։

Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էր Սյունյաց միտրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նման ծրագիր են ունեցել Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Պատճառն այն էր, որ Կիլիկիայի հոգևոր գործիչների մեծ մասը տրամադիր էր միաբանվելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ՝ ակնկալելով նրա օժանդակությունը։ Սին հույսեր էին փայփայվում, որ քրիստոնյա Եվրոպան կպաշտպանի հայերին մահմեդականների բռնաճնշումներից։ Սսի կաթողիկոսության արևմտամետ վարքագիծը ոչ միայն հարվածի տակ էր դնում Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, այլև նախադրյալներ էր ստեղծում նրա և հայության պառակտման համար։ Այդ պայմաններում հատկապես բուն Հայաստանի հոգևորականությունը հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Սիսից Էջմիածին տեղափոխելու պահանջով։ Կաթողիկոսության տեղափոխման գործը ղեկավարեցին Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին։

Նրանք ստացան հայ աշխարհիկ և հոգևոր գործիչների, այդ թվում նաև Աղթամարի կաթողիկոսի, ինչպես նաև Կիլիկիայի կրոնավորների մի մասի համաձայնությունը։ 1440թ. նրանք Գրիգոր կաթողիկոսից պահանջեցին Սիսից տեղափոխվել Էջմիածին։ Մերժում ստանալով՝ Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին 1441թ. հայ բարձրաստիճան հոգևորականների և աշխարհիկ իշխանների մասնակցությամբ՝ թվով շուրջ 300 մարդ, ժողով հրավիրեցին նախ Երևանում, ապա Էջմիածնում կաթողիկոսության հարցը վճռելու համար։ Նրանք նախօրոք ստացել էին Այրարատյան նահանգի կուսակալի համաձայնությունը։ Ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրել Կիրակոս Վիրապեցուն։ Շուրջ 1000 տարվա ընդմիջումից հետո Սբ Էջմիածնում վերահաստատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսությունը։

Այս իրադարձությունը սոսկ կրոնական-եկեղեցական բնույթ չուներ, այլ ձեռք էր բերում քաղաքական կարևոր նշանակություն։ Նպատակը նաև պապականության և եվրոպական քաղաքական ազդեցությունից հայերին հեռու պահելն էր։ Մյուս կողմից, Հայաստանին տիրող մահմեդական տիրակալներն անհանգստություն չէին ունենա հայերի արևմտամետությունից։

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում ունեցավ մեկ այլ կարևոր նշանակություն ևս։ Այն դարձավ աշխարհով մեկ սփռված հայությանը հայրենիքի հետ կապելու հզոր միջոց։

Հայոց եկեղեցու թեմերն ու աթոռները. 1441թ. սկսած Ամենայն Հայոց կաթողիկոսության կարևոր և խոշոր թեմերից էր Գանձասարի կաթողիկոսությունը, որի հոգևոր առաջնորդության ներքո էր Արցախի և Ուտիքի ու Արևելյան Այսրկովկասի հայությունը։ Կաթողիկոսի նստավայրն էր Արցախի Գանձասարի վանքը, որն ընդարձակ կալվածքներ ուներ։ Գանձասարի կաթողիկոսությունը գոյատևեց մինչև XIX դ. սկզբները։

Հայոց եկեղեցու համակարգում կարևոր դեր ուներ Աղթամարի կաթողիկոսությունը (գտնվում էր Աղթամար կղզում)։ Վասպուրականի վանքերը վաղուց ի վեր հայտնի էին որպես հայ գրի և գրչության խոշոր կենտրոններ։ Այնտեղ պահվում էին հազարավոր ձեռագրեր։ Աղթամարի կաթողիկոսությունն իր գոյությունը պահպանեց մինչև XIX դ.։

Հայոց եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, որը հիմնվեց 1461թ. Օսմանյան պետության կողմից՝ Կոստանդնուպոլիսը գրավելուց շատ չանցած։ Պատրիարքի հոգևոր իշխանությանն էին ենթարկվում Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերը։ Պատրիարքության ստեղծման նպատակներից մեկը հայերին սիրաշահելն էր։ Այդ պատրիարքությունը գործում է մինչև օրս։

Մեծ հեղինակություն ուներ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որը տնօրինում էր Երուսաղեմի և նրա շրջակայքի հայության հոգևոր գործերը, հայոց եկեղեցիներն ու վանքերը։ Այդ պատրիարքությունն այսօր էլ գործում է։

Ամենայն Հայոց կաթողիկոսության Էջմիածնում հաստատվելուց հետո, իր անկախ գոյությունը շարունակեց նաև Կիլիկիայի կաթողիկոսական աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն անունով։ Շատ չանցած Կիլիկիո կաթողիկոսներն ընդունեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը։

Հայկական պետականության վերականգնման փորձ XV դարում. Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր. Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։

Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий